Միջազգային անցուդարձը լուսաբանող ֆրանսիական ամենահեղինակավոր «Le Monde Diplomatique» ամսաթերթի ապրիլյան համարում հրապարակվել է«Հայոց ցեղասպանությունը եւ դրա հետագա կյանքերը. Փոքրամասնությունների ժխտման վրա հիմնված թուրքական պետականություն» վերնագրով հոդված՝ քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանի հեղինակությամբ:
Հոդվածն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետեւանքով Թուրքիայի դեմոգրաֆիկ փոխակերմանը եւ հետագա տասնամյակներում ազգային փոքրամասնությունների առկայության իսպառ ժխտմանը:
Հոդվածում ասվում է, որ Կայսրության տապալումից հետո նոր ստեղծված հանրապետությունը շարունակել է փոքրամասնություններից ձերբազատվելու քաղաքականությունը եւ ներկայիս Թուրքիայի հիմնաքարը հենց այդ քաղաքականության շարունակականությունն է. «Պատերազմի ավարտին, երբ պարտված Օսմանյան կայսրությունը, նվաճվեց Միացյալ ուժերի կոզմից, հայ եւ ասորի փրկվածների մի որոշ հատված վերադարձավ իրենց օջախներ: Սակայն անկախության պատերազմից հետո հաղթանակած Աթաթուրքի ազգայնական ուժերը նախ իրագործեցին Հունաստանի հետ բնակչության փոխանակում, ապա ստիպեցին վերադարձածներին աքսորվել ֆրանսիական տիրապետության ներքո գտնվող Սիրիա կամ բրիտանական Իրաք: Այսպես Անատոլիան ամբողջությամբ դատարկվեց քրիստոնյա բնակչությունից»:
Հոդվածում որպես նույն քաղաքականության շարունակությունն է նաեւ նշվում քրիստոնյա բնակչության դեմ որպես գործիք օգտագործված քրդերի հանդեպ Աթաթուրքի «դավաճանությունը»՝ վերջիններիս ազգային փոքրամասնության կարգավիճակի մերժմամբ, որի նպատակն էր քրիստոնյաներից «ազատված» հանրապետության տարածքում ապրող բոլոր մահմեդական էթնիկ խմբերից միացյալ թուրք ժողովուրդ ստեղծելը:
Այնուհետեւ անդրադարձ է կատարվում 1930-ականներին Հայ եկեղեցուց հողատարածքների, անշարժ գույքի, դրամական միջոցների եւ արվեստի գործերի առգրավմանը, 1934թ. հրեական ջարդերին, Կիպրոսի հակամարտության հետեւանքով հույների հանդեպ հետապնդումներին: Նոր ստեղծված հանրապետության տարածքում նախկինում ապրող ժողովուրդների պատմությունը ջնջելու մղումով է բացատրվում նաեւ Աթաթուրքի կողմից լատինական այբուբենին անցումը, որը հնարավորություն է տալիս այդ գործընթացի քողի տակ փոխել ոչ թուրքական բոլոր տեղանունները եւ արաբերեն, հայերեն եւ հունարեն պատմական հիշատակումները: «Թուրքիան չհաջողեց թոթափել Ցեղասպանության ողբերգական ժառանգությունը: Ոճրագործության պատասխանատու ուժերը հետագայում կազմեցին քեմալիստական հանրապետության ողնաշարը», ասվում է հոդվածում:
«Անցյալի բռնությունը սնում է նոր բռնություն: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիան անմիջապես անցավ Ադրբեջանի կողմը: 1993 թվականից ի վեր այն շրջափակման քաղաքականություն է վարում Հայաստանի եւ վերջինիս հետ փաստացի միավորված նախկին խորհրդային ինքնավար շրջանի նկատմամբ», - գրում է պարբերականը եւ նշում, որ թուրք կառավարության կողմից քաղաքական կամքի բացակայության պայմաններում ՀՀ նախագահը հետ կանչեց Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք այդպես էլ չէին վավերացվել, ավելին՝ «Անկարան կարծես խրախուսում է ադրբեջանական կառավարությանը` պահպանել մաքսիմալիստական դիրքորոշումը (Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում), քանի դեռ վերջինս շարունակում է կանոնավոր կերպով սպառնալիքներ հնչեցնել ուժի գործադրմամբ հակամարտության լուծման վերաբերյալ»:





























