Ադրբեջանը փաստերի բացահայտ աղավաղմամբ փորձում է մոլորության մեջ գցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանը բողոքի նամակ է գրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ին Հայաստանում Rose-Roth սեմինարի անցկացման կապակցությամբ։ Ադրբեջանական կողմը նամակում կոչ է արել հրաժարվել վեհաժողովը Հայաստանում անցկացնելու մտքից։

ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը որպես «պատճառ» նշել է մոլդովացի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հետ տեղի ունեցած միջադեպը, որին, ըստ ադրբեջանցի պատգամավորի երեւակայական պատերկացումների, հայերը ձերբակալել էին եւ 2 օր կալանքի տակ պահել «իր արդարացի պահանջների համար»։

Հիշեցնենք, որ մոլդովացի օմբուդսմենը Երեւանում կայացած կոնֆերանսի ժամանակ սադրիչ հայտարարություն էր արել «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին»։  Այնուհետեւ նա փակվել էր հյուրանոցի իր սենյակում եւ Հայաստանից հեռանալիս չէր միացել Մոլդովայի պատվիրակությանը։

Գրիգորիուի համար հատուկ մեքենա էին թողել, որը նրան կուղեկցեր օդանավակայան։ Սակայն դրա փոխարեն հյուրանոց էր ժամանել մի տղամարդ, որը ներկայացել էր իբրեւ  Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատակից եւ տարել Աուրելիա Գրիգորիուին՝ ասելով որ նա Ռումինիայի քաղաքացի է, սակայն կոնֆերանսին ներկայացրած փաստաթղթերում օմբուդսմենը ներկայացել էր որպես Մոլդովայի քաղաքացի։