Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն իր իրական դեմքն է ցույց տալիս: Բոլորն արդեն հասկանում են դա եւ ուշադրություն չեն դարձնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը բողոքի նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի ԽՎ-ին «Rose-Roth» սեմինարը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ:

Պատգամավորի խոսքով, «Rose-Roth» սեմինարի բոլոր անդամներն ուրախությամբ համաձայնել են Երեւանում մասնակցել միջոցառմանը: «Այնպես որ՝ Ադրբեջանը թող իրեն պահի տարատեսակ նոտաները»,- խորհուրդ տվեց Թեւան Պողոսյանը:

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Երեւան ժամանման, ինչպես նաեւ Արցախի հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական դիվերսանտների մասին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սիյավուշ Նովուզովի ներկայացրած կեղծ տվյալների կապակցությամբ պատգամավորը նշեց. «Ուրախ եմ, որ աշխարհը փոխվել է, եւ այլեւ տեղեկատվական շրջափակում գոյություն չունի: Բոլորը շատ լավ գիտեն, թե ում եւ ինչու են ձերբակալում»:

Թեւան Պողոսյանը նաեւ պատմեց, որ Բաքվում կայացած «Rose-Roth» սեմինարի ժամանակ նիստը վարողներն իրենք են ադրբեջանական կողմին կոչ արել չտարածվել ելույթներում, քանի որ նրանց հետաքրքիր չի եղել լսել ադրբեջանցիների անհեթեթությունները:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» հերթական սեմինարը կայանալու է հունիսի 18-21-ին, Երեւանում: Անցյալ տարի այն անցկացվել է Բաքվում, հունիսի 16-18-ը: Միջոցառմանը մասնակցել էին հայ խորհրդարանականներ Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը: