Ռուս զբոսաշրջիկ Ֆյոդոր Գուսեւին դանակահարված են հայտնաբերել Թաիլանդի Պատայա քաղաքի հյուրանոցներից մեկում: Պատայայում ՌԴ հյուպատոս Վլադիմիր Սոսնովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ տղամարդը «կյանքի հետ անհամատեղելի դանակի հարվածներ է ստացել»: Նրա փոխանցմամբ՝ սպանության կասկածանքով հետախուզում է հայտարարվել ՌԴ քաղաքացու նկատմամբ:

Գուսեւը Porn Apartments հյուրանոց է եկել մի քանի շաբաթ առաջ երեք այլ ռուսաստանցիների հետ: 34-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել է հյուրանոցի անձնակազմը: Զբոսաշրջիկը պետք է հյուրանոցը լքեր ապրիլի 4-ին, սակայն չի արել դա: Երբ նրա համարի դուռը բացել են, ներսում տեսել են դիակը՝ վզի եւ կրծքավանդակի շրջանում բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է Lenta.ru-ն:

Սենյակում պայքարի հետքեր են եղել: պարզվել է, որ սպանության պահից մինչեւ մարմինը հայտնաբերելու պահը անցել է առնվազն 2 օր:

Հյուրանոցի անձնակազմը ցույց է տվել, որ ապրիլի սկզբին երեք ռուսաստանցիներ հայտարարել են, որ ուղեւորվում են Բանգկոկ՝ անձնագրերը փոխելու համար, լքել են հյուրանոցը, իսկ գուսեւը մնացել է համարում: