Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է հանրաքվե անցկացնել Ուկրաինայի պետական կարգի հարցով: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 6-ին, Սահմանադրական հանձնաժողովի նիստում: Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կմնա միատարր պետություն, եւ պետության այդ մոդելին կողմ է բնակչության 90 տոկոսը:
«Ես շատ մանրամասն կանգ եմ առնում դաշնայնացման գաղափարի վրա, որովհետեւ դա որպես հայեցակարգ, որպես կենսաբանական զենք է, որը դրսից փորձում են փաթաթել Ուկրաինայի վզին: Դրա բացիլներով փորձում են վարակել Ուկրաինան եւ փլուզել մեր միասնությունը»,-հայտարարել է Պորոշենկոն, հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինան»:
«Ապակենտրոնացումը ոչ մի ընդհանուր բան չունի դաշնայնացման հետ: Ուկրաինան եղել է, կա ու, ես վստահ եմ, կմնա միատարր պետություն... Կարող եմ ձեզ վստահեցնել, որ վերջին տարում հասարակության կողմից պետության միատարր մոդելին աջակցությունը շատ մեծ է եւ հասնում է մոտ 90 տոկոսի»,-հայտարարել է Պորոշենկոն:
«Նրանք, որոնք շատ են ուզում առաջ մղել դաշնայնացման գաղափարը, մենք ունենք վերջնական փաստարկը՝ հանրաքվեն: Ես պատրաստ եմ, որպեսզի Ուկրաինայի պետական կարգը որոշելու հարցով հանրաքվե անցկացնենք, եթե դուք դրա անհրաժեշտությունը տեսնեք»,-ասել է Պորոշենկոն:





























