Պաղեստինցի լրագրող Նադիա Աբու Շաբանն օրեր առաջ Twitter-ում տեղադրել էր մի սիրիացի փոքրիկի լուսանկար, որում փոքրիկը կարծելով թե ֆոտոխցիկը զենք է՝ ձեռքերը վեր է պարզել։ Պարզվել է, որ աշխարհում մեծ արձագանք գտած այդ լուսանկարի հեղինակը թուրքական Turkiye պարբերականի լուսանկարիչ Օսման Սաղըրլըն է։
BBC Trending-ի հետ զրույցում թուրք լուսանկարիչը հայտնել է, որ լուսանկարն արել է 2014-ի դեկտեմբերին, Սիրիայի Աթմա փախստականների համար նախատեսված ճամբարում։
Սաղըրլըն նշել է, որ լուսանկարում պատկերված աղջնակը 4-ամյա Հուդեան է։ «Ես հեռուստաօբյեկտիվ եմ օգտագործում (Tele lens): Երեխան կարծեց թե զենք է։ Լուսանկարելուց հետո զգացի, որ երեխան վախեցել է։ Նա սեղմել էր շուրթերը եւ ձեռքերը վեր պարզել»,-ասել է Օսման Սաղըրլըն։





























