Ապրիլի 6-ին Թուրքիայի Մուղլա նահանգի ափերին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակ է շրջվել։
«Ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակը ուղեւորվում էր դեպի հունական Կոս կղզին։ Դեպքի վայր են ժամանել բժիշկները։ Նախնական վարկածի համաձայն՝ զոհվել է 4 մարդ, 9-ին հաջողվել է փրկվել։ Անհետ կորածների որոնման աշխատանքները շարունակվում են»,- Hurriyet պարբերականին հայտնել է նահանգապետ Ամիր Չիչեքը։
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման միջադեպեր հաճախ են գրանցվում Էգեյան ծովի ափերին։ Աֆղանստանից, Պակիստանից, Սիրիայից եւ Իրաքից ժամանած ներգաղթյալները փորձում են Թուրքիայի տարածքով անցնել ԵՄ երկրներ։ Թուրքիայում գործում են ընդհատակյա կազմակերպություններ, որոնք զբաղվում են ներգաթյալներին փոխադրելու հարցերով։





























