Հայաստանում բանկային ավանդների փոխհատուցումների ավելացումը չի ազդի առեւտրային բանկերի վճարումների վրա: USAID/FED ծրագրի («Ֆինանսներ տնտեսական զարգացման համար») շրջանակում կայացած սեմինարի շրջանում NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը՝ մեկնաբանելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մշակած նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից, իսկ մեկ շաբաթ առաջ՝ նաեւ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում:

Նրա խոսքով, նախագծով բանկերի կողմից երաշխիքային վճարների չափի փոփոխություն նախատեսված չէ: 

Նշենք, որ եթե ներկայում ազգային արժույթով ավանդները փոխհատուցում են մինչեւ 4 մլն դրամի չափով, իսկ արտարժույթով՝ մինչեւ 2 մլն դրամի (համարժեքով), ապա նախագիծն առաջարկում է երկու դեպքում էլ կրկնապատկել փոխհատուցման շեմը՝ մինչեւ 8 եւ 4 մլն (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 16.700 եւ 8.350 դոլար համապատասխանաբար):