Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական եւ հայկական հարցերի շուրջ ավելի ագրեսիվ է դարձել՝ 2015 թվականի հունիսի ընտրությունների նախաշեմին վախենալով իրենից փախչող ընտրազանգվածի համար: Այս մասին գրում է իտալական Ansa գործակալության միջերկրածովյան տարածաշրջանի Ansamed կայքը:

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ անտեսանելի ձեռքը հանգեցնում է բռնության անվերջանալի պարույրի: Հոդվածի հեղինակի համոզմամբ, դրանից ամենաշատը շահում է հենց Էրդողանը:

Հրապարակման համաձայն, այն ամենը, ինչ կարող է ցնցել երկիրը, թվում է, թափ է հավաքում՝ ստիպելով հավատալ քաոսի սցենարներին, որոնք պարբերաբար հայտնվում են թուրքական քաղաքական դաշտում եւ արդեն հանգեցնում են պետական հեղաշրջումներին եւ դաժան բռնություններին:

Ստամբուլի արդարադատության պալատում՝ ամենալավ պահպանվող պետական հաստատություններից մեկում, Քուրդիստանի ազատագրման ժողովրդական ճակատի երկու զինյալներ առեւանգեցին դատախազին՝ արդարություն պահանջելով Գեզիի այգում ցույցերի ժամանակ դեռահասի սպանության համար:

Նույն օրը երկիրը կաթվածահար արեց էլեկտրաէներգիայի անջատումը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չբացառեց ահաբեկչական հարձակումները, էներգետիկայի նախարարը՝ կիբեր հարձակումները: Սակայն մինչեւ հիմա ապացույցներ չկան:

Մարտի 31-ին պատմական դատավճռով արդարացվեցին 236 գեներալներ եւ պաշտոնյաներ, որոնք դատապարտվել էին Էրդողան դեմ դավադրության մեղադրանքով: Դատավարությունը սկսեցին, որպեսզի հնազանդություն պարտադրեն դեռեւս Աթաթուրքի ժամանակներից ազդեցիկ զինվորական պաշտոնյաներին: Իսկ ազատ արձակեցին, քանի որ Էրդողանը, ամեն դեպքում, չի կարող առանց զինվորական վերնախավի աջակցության:

Որոշ ժամանակ առաջ իշխանական շրջանակների տեղեկատուն, որը համացանցում հանդես է գալիս որպես Ֆուաթ Ավնի, հայտարարեց, որ Էրդողանը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար:

Պարզ է մեկ բան. սուլթանը ցանկանում է սուպեր-նախագահ դառնալ եւ փոխել սահմանադրությունը: Ընդդիմությունը դեմ է իսլամական բռնակալության հաստատմանը: Եվ բռնության բռնկումները, ըստ Ալ-Ջազիրայի կայքի վերլուծաբան Դեւիդ Լեպեսկի, հիմա նրա համար չափազանց շահեկան են:

Քաղաքագետ Ջավեր Սոլգունի խոսքով էլ, վերջին սոցհարցումները ստիպում են ահազանգ հնչեցնել: Եթե 2011 թվականի ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 50%-ը, ապա հիմա հարցումները 40% ցուցանիշ են արձանագրում: Ընտրողներին հետաքրքրում են «Ազգայնական շարժում» կուսակցության ազգայնականները:

Այս վերախմբավորումների ֆոնին Էրդողանը որոշել է ուժեղ առաջնորդի կերպարի մեջ մտնել, որն ունակ է կարգուկանոն պահպանել: Այդ պատճառով Էրդողանը փոխել է հռետորաբանությունը, դադարեցրել է քրդերի հետ խաղաղության գործընթացը, Ցեղասպանության հարցում քաղաքականությունը փոխել է հայերի դեմ:

Եվ հիմա՝ քաոսի սցենարում, ըստ պարբերականի, քաղաքական այլ ուժերի կողմն անցած ընտրողները կվերադառնան անվտանգության կերպարին, որը մարմնավորում է Էրդողանը: