ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգում 100-ամյա բնակիչը կացնահարել է իր 88-ամյա կնոջը, ապա ինքնասպան եղել: Ողբերգության մասին տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել է ապրիլի 5-ի երեկոյան, հաղորդում է NBC News-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են երկու դիակ: Կնոջ մարմինը եղել է ննջասենյակում, իսկ տղամարդունը՝ բաղնիքում: Ոստիկանությունում ենթադրում են, որ Մայքլ Ջասքինն իր կնոջը՝ Ռոզալիա Ջասքինին, սպանել է, երբ նա քնած է եղել: Հետո նա վերցրել է դանակն ու մի քանի հարված հասցրել իրեն, հաղորդում է Lenta-ն:

Քննիչները նշել են, որ ոստիկանություն է ահազանգել ամուսինների հարազատը, ում անունը չի նշվում: Նրանց խոսքով՝ հանցագործության պահին ուրիշ ոչ ոք չի եղել: Սպանության դրդապատճառները ճշտվում են:

Հարեւանները պատմել են, որ ամուսիններին հաճախ են միասին տեսել: Բացի այդ, Մայքլը պարբերաբար զբոսնում էր շան հետ, իսկ Ռոզալիան զբաղված էր այգին խնամելով: