Առաջին անգամ հրապարակվել է Ֆրանսիայում կործանված Germanwings օդանավի հրամանատար Պատրիկ Զոնդհայմերի լուսանկարը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Ինչպես գրում է պարբերականը, դա նույն այն օդաչուն է, որը փորձել է մտնել անձնակազմի խցիկ եւ խանգարել Անդրեաս Լուբիցին։
Պարբերականը նշում է, որ ավիաընկերության՝ Քյոլնի գրասենյակում գտնված լուսանկարը Զոնդհայմերի միակ հայտնի նկարն է։ Հրամանատարի կողքին կարելի է տեսնել նաեւ Լուբիցի նկարը։ Ներկայացված են նաեւ կործանված օդանավի անձնակազմի մյուս անդամների նկարները, փոխանցում է Gazeta-ն։
Մարտի 29-ին հրապարակվել էին Ալպերում կործանված А320-ի ինքնաձայնագրիչի կոդազերծված գրառումները։ Զոնդհայմերը ներողություն է խնդրում Բարսելոնում թռիչքի ուշացման համար։ Ժամը 10։35-ին լսվում է դռան թակոցի մետաղական ձայն։ Ի սկզբանե հայտնի էր դարձել, որ Զոնդհայմերը կացինով է փորձել կոտրել դուռը, սակայն կացինը հենց օդաչուների խցիկում է եղել։ Ենթադրվում է, որ առաջին օդաչուն այլ մետաղական գործիք է օգտագործել, հավանաբար լինգ։





























