Այս պահին բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։

Առավոտյան խուզարկել են նաեւ Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետեւ բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաեւ Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումը՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում:

«Առավոտյան բերման են ենթարկել ՀԽ պատգամավոր, ազատամարտիկ Պավել Մանուկյանին եւ այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Կարո Եղնուկյանի բնակարանները»,-ասված էր հայտարարությունում:

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: