Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դեմ դատական գործընթացը։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը,  ապրիլի 7-ին կայացել է նախնական դատական նիստը։ Դատավոր Էլբեյ Ալահվերդիեւի նախագահությամբ կայացած նիստում ելույթ է ունեցել մեղադրական կողմը։ Անար Միրքիշեւը նշել է, որ հետաքննության ժամանակ «իրավախախտումներ չեն գրանցվել»։ Այնուհետեւ խոսք է տրամադրվել մեղադրյալին։ Իր մասին պատմելով՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ հավակնություններ չունի։

Դատական քննությունը նշանակվել է ապրիլի 13-ին։ Որոշում է կայացվել դատական նիստը անցկացնել փակ դռների հետեւում։ Բաղդասարյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ռամիզ Աբդուլլաեւը։

Արսեն Բաղդասարյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալությանն ուղղված յուօրինակ պատասխան էին։ Նշենք, որ Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքների  ոտնահարման վառ օրինակ էր. գերեվարումից հետո 1.5 ամիս շարունակ ԿՄՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել տեսակցել նրան։ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը  որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։