Երեւանի Նոր-Նորք թաղամասում 2014թ. հուլիս 15-ին հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանի գործով կալանավորված Գեւորգ Սարգսյանը՝ «Ջունգլը» ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մեզնից այդ տեղեկությունը գաղտնի էին պահում, մենք մի կերպ քննիչից ենք պարզել, որ դատախազի որոշմամբ՝ Գեւորգ Սարգսյանն ազատ է արձակվել: Թե ինչ հիմքով, ինչ խափանման միջոց է ընտրվել, մենք չգիտենք, մեզ չեն հայտնում»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել էր, որ ազատամարտիկը մահացել է ծեծի հետեւանքով: Մեղադրվող կողմը կրկնակի փորձաքննություն էր պահանջել: Արդյունքները դեռեւս հայտնի չեն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել էին։