ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ հարցերով համակարգող հանձնաժողովի մասնակիցները այսօր՝ ապրիլի 7-ին, Դուշանբեում կքննարկեն ԱՊՀ օդատիեզերական պաշտպանության կոնցեպցիան։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարի տեղակալ գնդապետ Վիկտոր Չումակովը։
«Հետագայում այս փաստաթուղթն առաջարկվում է հաստատել ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի աշնանային նիստում եւ հաջորդ տարի դնել ԱՊՀ երկրների պետությունների քննարկմանը՝ վերջնական հաստատման համար»,- Չումակովի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգը Համագործակցության երկրներում ամենապահանջված եւ արդյունավետ համագործակցության համակարգերից է։
Գնդապետը հիշեցրել է, որ այս տարի լրանում է ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի եւ ԱՊՀ ՀՕՊ համակարգող հանձնաժողովի ստեղծման 20 տարին։
Չումակովի խոսքով՝ ԱՊՀ երկրների օդատիեզերական պաշտպանության կոնցեպցիան բոլորովին նոր եւ առաջադեմ գաղափար է։





























