ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչեւ ընթացիկ տարվա ավարտը սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը։ Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նամանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Հույս ունենք, որ  կողմերը հարգանք կցուցաբերեն հրադադարի ռեժիմի պահպանմանը առաջիկա տոների, հիշատակման արարողությունների եւ տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում»,- հայտարարել է Ուորլիքը։

Դիվանագետը նշել է, որ  երկու երկրների նախագահները վստահեցրել են, որ  զորքերի շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների չեն դիմի։ «Մենք դեռեւս հնարավորություն չունենք ստուգել կամ վերահսկել, թե որքանով են նրանք կատարում իրենց պարտավորությունները, սակայն կայունությունը բանակցությունների համար կարող է ստեղծել ավելի դրական դինամիկա։ Մենք ակնկալում ենք, որ մինչեւ այս տարվա վերջ նախագահները հերթական հանդիպումը կանցկացնեն։ Մենք դիտարկում ենք երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը՝ նախագահների քննարկումների օրակարգը որոշելու եւ տարածաշրջան մեր հերթական այցի ժամկետները որոշելու համար»։