Ով խորհրդարանից հեռանում է, թող լուռ հեռանա։ Այս մասին ապրիլի 7-ին կայացած ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուս Սահակյանը՝ դժգոհություն հայտնելով այն կապակցությամբ, որ օրվա սկզբին քվեարկությունից հետո պատգամավորները դուրս էին եկել դահլիճից՝ շրխկացնելով դռները։ Այդ ժամանակ խոսնակը կարդում էր օրակարգում դրված հարցերը ու հասել էր գերեզմանոցների եւ դիակիզարանների կազմակերպման մասին օրենքին։

«Հեռանալիս լո՛ւռ հեռացեք։ Ես հասկանում եմ, որ լսելով գերեզմանոցների մասին, անմիջապես վեր եք կենում ու գնում։ Կարելի է համբերել, ես կվերջացնեմ կարդալ, այդ ժամանակ էլ գնացե՛ք»,- դժգոհություն է հայտնել Սահակյանը։

Նշենք, որ ձեռնարկատիրական գործունեությամբ  հայտնի պատգամավորները ներկայանում են նիստին վաղ առավոտյան, 20-30 րոպե ներկա գտնվում քվեարկությանը եւ գրեթե անմիջապես լքում նիստերի դահլիճը։