ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը շնորհավորել է կանանց ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ։

Ապրիլի 7-9-ը կայանալիք խորհրդարանական նստաշրջանի բացմանը նա շնորհավորել է կին պատգամավորներին եւ խորհրդարանի աշխատակազմի կին աշխատակիցներին։ «Այս օրը եւս մեկ առիթ է մեր սերն ու հարգանքը հայտնել մեր մայրերին, քույրերին, կանանց եւ աղջիկներին։ Ցանկանում եմ ջերմագին շնորհավորհանքս հայտնել մեր կանանց եւ ցանկանալ նրանց երջանկություն, առողջություն եւ հավատ ապագայի հանդեպ»,- հայտարարեց Սահակյանը։

Նշենք, որ ապրիլի 7-ը Հայաստանում նշում են 1990-ական թթ. սկսած՝ նպատակ ունենալով շեղել ուշադրությունը ավանդաբար մարտի 8-ին նշվող կանանց տոնից։ Մի քանի տարի անց մարտի 8-ը վերագտավ տոնական օրվա  իր նախկին կարգավիճակը, սակայն ավանդույթի ուժով կանանց շնորհավորում են 2 օրն էլ, իսկ 2 տոների միջեւ ընկած միամսյակն արդեն ընդունել են որպես «կանանց միամսյակ»։