ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Մարաթուկ» ընկերության հանդեպ հարուցվել է վարչական վարույթ:
Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում: Տեղեկացնենք, որ մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Մարաթուկի» գործունեությանը՝ նշելով վերջինիս կողմից դրսեւորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երեւան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ եւ այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Ըստ հրապարակումների, «Մարաթուկը» չարաշահելով իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ:
Ընկերությունը մեղադրվում է նաեւ սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու եւ դրանք տարածելու մեջ:
«Մարաթուկ» տուրիստական գործակալության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման համար:





























