ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել Պակիստանին 1 մլդ դոլարի չափով ուղղաթիռներ, հրթիռներ եւ այլ ռազմական տեխնիկա մատակարարելու նախագծին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության համագործակցության եւ անվտանգության գործակալությունը (Defense Security Cooperation Agency)։
«Պետքարտուղարությունը համաձայնություն է տվել Պակիստանին 952 մլն դոլար արժողությամբ Viper AH-1Z ուղղաթիռներ, Hellfire II հրթիռներ եւ դրանց կից սարքավորումներ ու պահեստամասեր վաճառելու հնարավորությանը»,- ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, ԱՄՆ-ն պատրաստ է 66 ամիսների ընթացքում Պակիստանում տեխնիկական սպասարկում ապահովել եւ տեխնիկայի հետ վարվելու կանոններ սովորեցնել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պակիստանի կառավարությունը նշել է, որ զինամթերք ձեռք բերելու դեպքում կբարձրացնի Հյուսիսային Վազիրիսթան գործակալությունում, «ցեղերի գոտու» տարածքում եւ հեռավոր լեռնային այլ տարածքներում ցանկացած եղանակային պայմաններում գործողություններ իրականացնելու հնարավորությունը։





























