Հիմնադիր խորհրդարանի անդամները վաղը՝ ապրիլի 8-ին, բողոքի ակցիա կանցկացնեն Էրեբունիի՝ ձերբակալվածներին պահելու վայրի մոտ՝ պահանջելով ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի»՝ այսօր ձերբակալված 5 անդամներին։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի մոտ հրավիրված ասուլիսում լրագրողների ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։
«Մեր պայքարը միշտ եղել է օրինականության սահմաններում։ Այս պայքարի դեմ այսօր քրեական միջոցներով քաղաղաքական նպատակներ հետապնդող պայքար է ձեռնարկվել։ Մենք ամբողջությամբ մերժում ենք բերված մեղադրանքի քրեական հատկանիշները։ Մեզ համար այսօր կարեւոր խնդիր է դարձել մեր ընկերների ազատման խնդիրը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։
Երեւանում անցկացվելիք բողոքի ակցիային զուգահեռ «100-ամյակ առանց ռեժիմի» շարժումը վաղը հանրահավաք է նախատեսում նաեւ Վանաձորում։ Ապրիլի 24-ի հանրահավաքը, չնայած հարուցված քրեական գործի շրջանակւոմ կատարված խուզարկություններին ու ձերբակալություններին, «Հիմնադիր խորհրդարանը» չի հետաձգի։
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քիչ առաջ ձերբակալվել են նաեւ Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ մինչեւ այդ ձերբակալվել են նաեւ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են։
Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























