Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող «Նաիրիտ» ՓԲԸ ներկա եւ նախկին աշխատակիցները մինչեւ ապրիլի 17-ը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը, բողոքի ակցիաներ չեն անի Կառավարության եւ նախագահի նստավայրի մոտ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ աշխատանքային հանձնաժողովն այսօր նախագահականի մոտ բողոքի ակցիայի ժամանակ է նման որոշում կայացրել։
«Այնպես չի, որ բոլոր նաիրիտցիները համաձայն են այս որոշման հետ, կարծիքները տարբեր էին, բայց մեծամասնությունը համաձայն էր սպասել։ Վարչապետի հետ հանդիպումից ոչ մի նոր բան էլ չենք սպասում, բայց մենք իրենց խոսքն ավելի ենք հարգում, քան իրենք։ Եթե իրենց խոսքը հարգում են, ուրեմն ամսի 17-ին թող այնպիսի բան ասեն, որ մենք համոզվենք՝ մեր սպասելն անիմաստ չէր»,- ասաց նա։
Նշենք, որ ապրիլի 2-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ» ՓԲԸ հինգ աշխատակիցների հետ հանդիպմանը խոստացել է աշխատավարձերի պարտքերի մարման ժամկետների մասին հստակ պատասխան տալ «Նաիրիտում» Համաշխարհային բանկի անցկացրած աուդիտի պատասխանը ստանալուց հետո, որը կստացվի ապրիլի 17-ին։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























