ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները 32 տոննա կեղծ էլիտային ալկոհոլ են առգրավել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությունը ստացած օպերատիվ տեղեկության ստուգումների ընթացքում պարզել է, որ Մոսկովյան շրջանի բնակիչներից մեկը զբաղվում է հայտնի ապրանքանիշի պիտակներով ապօրինի ալկոհոլի արտադրությամբ։ Ոստիկանները նախնական նմուշներ են գնել եւ ուղարկել փորձաքննության, որը հաստատել է, որ ապրանքը կեղծ է։ Կեղծ ալկոհոլ վաճառող քաղաքացու հանդեպ հարուցվել է քրեական գործ»,- գրում է գործակալությունը։
Ավելի ուշ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 20 տոննա սպիրտային հեղուկ։ Դրա մի մասը պահվում էր պահեստում, որտեղից իրականացվում էր ալկոհոլի վաճառքը։ Իրավապահները ստուգումներ են անցկացրել նաեւ մոտակա կայանատեղիներից մեկի ավտոտնակում եւ առգրավել եւս 12 տոննա ալկոհոլ։





























