Քանի որ այս պահին ընթանում է հետաքննության փուլը, ես ձեռնպահ կմնամ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» մյուս ակտիվիստների ձերբակալության մասին որեւէ մեկնաբանություն անելուց։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները այդ թեմայով կոնկրետ հարցեր կարող են հղել պատկան մարմիններին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:





























