Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհին՝ ուկրաինացի  մոդել Աննա Դուրիցկայան, գործչի սպանության օրը իր մոտ 2 հեռախոս է ունեցել, որոնցից մեկը սպանությունից հետո նա նետել է աղբանոցը։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։

«Սպանությունից անմիջապես հետո Դուրիցկայան մոտեցել է ձնահավաք մեքենային եւ վարորդին խնդրել շտապ օգնություն զանգահարել, քանի որ ինքը ի վիճակի չէ դա անել. նյարդային շոկի մեջ է եղել։ Վարորդը զանգել է շտապ օգնություն, իսկ հետո, ինչպես արձանագրել են տեսախցիկները, Դուրիցկայան մոտեցել է աղբանոցին եւ այնտեղ ինչ-որ իր նետել»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։

Աղբարկղը ուսումնասիրել են եւ այնտեղից բջջային հեռախոս հանել, որը, ինչպես պարզվել է, պատկանել է Դուրիցակայային, գրում է պարբերականը։

Նշվում է, որ հեռախոսին կցված է եղել կրիչ, որը ազդանշաններ էր ուղարկում։

«Հետաքննության վարկածի համաձայն՝ այդ բջջային հեռախոսով սպանության կազմակերպիչները հետեւել են Դուրիցկայային եւ Նեմցովին»,- գրում է պարբերականը։

ՌԴ Քննչական կոմիտեն, սակայն, հերքել է ենթադրյալ 2-րդ հեռախոսի մասին տեղեկությունները։