Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հրաժարվել է բրիտանական Times ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի եւ Կիպրոսի հասցեին հնչեցրած վիրավորանքներից։ Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ այդ խոսքերը Իլվեսին է վերագրել լրագրողը։
«Հարցազրույցի ժամանակ պետության ղեկավարը անհանգստություն է հայտնել Եվրամիությունում արմատական քաղաքական ուժերի դրսեւորման կապակցությամբ, որոնց համար առավել կարեւոր են տնտեսական շահերը, քան միասնական արժեքները։ Լրագրողի նպատակն է եղել արտահայտել ԵՄ-ում առավել լայն քննարկումները այլ ոչ թե նախագահի խոսքը»,- ասել է աշխատակազմի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Times-ում լույս տեսած հոդվածում մասնավորապես ասվում է. «Պարոն Իլվեսը դեմ է Եվրամիությունում Ռուսաստանի նախագահ Պուտինի «օգտակար ապուշների» գոյությանը, ինչպիսին են Հունաստանը, Իտալիան, Հունգարիան եւ Կիպրոսը, որոնք պահանջում են մեղմել պատժամիջոցները»։
Իլվեսի հայտարարության ամբողջական տարբերակը մեջբերված չէր։





























