Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետեւ հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Կարեւորելով Իտալիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը` ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության եւ հայ-իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հագեցած օրակարգով իր պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի հայ-իտալական բարեկամական հարաբերություններին:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարեւոր ձեռքբերումներով: Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել, ընդգծելով, որ հայ-իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։
Նախագահները կարեւորել են, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում` առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորվել է նաեւ, որ երկու երկրների միջեւ առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։
ՀՀ նախագահի խոսքով, ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարեւորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարեւորությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իտալացի ժողովրդին, որը փրկեց, օթեւանեց ու նոր հույս տվեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տարագիրներին, որոնցից վերջինը Իտալիայում ապրեց մինչ անցած տարի։ Նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Իտալիային՝ համամարդկային արժեքները կարճաժամկետ շահերից մշտապես վեր դասելու համար, ընդգծելով, մասնավորապես Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից շուրջ 15 տարի առաջ Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:
Նախագահները քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Իտալիայի նախագահը նշել է, որ Իտալիան այս հարցում ունի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված դիրքորոշում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում` հիմնված հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։
Իտալիայի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը եւ ավելացրել, որ այդ անդամակցությունը նաեւ նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարեւորությանը, հայ-իտալական առեւտրատնտեսական հարաբերություններին, Հայաստանում իտալական հնարավոր ներդրումներին: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգեւորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, եւ դեռեւս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:
Հանդիպմանը մեծապես կարեւորվել է երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Այս համատեքստում կարեւոր նախապայման է համարվել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ` Երեւանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը:
Հայաստանի եւ Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առեւտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժը` կարելի է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում:
Խոսելով ապակենտրոնացված համագործակցության մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ փոխշահավետ համագործակցություն է առկա նաեւ Հայաստանի եւ Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, որի ակունքները գնում են 1967թ., երբ Երեւանն ու Կառարան հռչակվեցին քույր քաղաքներ։ Այդ շարքը տարեցտարի համալրվում է նոր քաղաքներով ու շրջաններով։ Իտալիայի նահանգային եւ քաղաքային պատվիրակությունների պարբերական այցերը, նախագահների համոզմամբ, նպաստում են շրջանների միջեւ ուղիղ կապերի, տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը։
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ:
Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:































