Հայոց ցեղասպանության համար փոխհատուցում չպահանջել նշանակում է քանդել Հայաստանի պետականությունը։ Այս մասին ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ ուղղելու հայտարարության նախագծին, որը կազմել էին բոլոր խմբակցությունների պատգամավորը, բացի ՀԱԿ-ից։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի կախման մեջ դնել այլ պատկերացումներից։ Այսօր այդ հանցագործության մասին հիշատակը հիմնական առանցքն է, որի շուրջ պտտվում է հայ ազգը։ Եթե մենք փորձենք այդ հարցը երկրորդական դարձնել, ապա կթուլացնենք մեր պետականության հիմքերը»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ արդարության վերականգման պահանջը դրված է անկախ Հայաստանի հիմնարար փաստաթղթերի՝ Անկախության հռչակագրի եւ նախագահի կողմից հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։