Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր ունկնդրության է հրավիրել Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսներին, որոնք առաջիկա կիրակի օրը ծառայակցելու են պապին Սուրբ Պետրոսի տաճարում կայանալիք պատարագին՝ աղոթ հղելու հայ ժողովրդի՝ ցեղասպանության ժամանակ զոհված որդիների եւ դուստրերի հիշատակին, հաղորդում է «Վատիկանի ռադիոն»։

«Հայցում ենք Աստվածային ողորմությունը, որ մեզ բոլորիս օգնի՝ սիրելու ճշմարտությունը եւ արդարությունը, բուժելու ամէն վերք եւ արագացնելու հաշտության եւ խաղաղության շոշափելի քայլեր՝ ազգերի միջեւ, որոնք տակավին չեն հաջողում հանգել տրամաբանելի համաձայնության՝ այսպիսի տխուր դէպքերու քննարկման մեջ»,- ասել է պապը՝ դիմելով եպիսկոպոսներին։ Ի դեմս հավաքվածների՝ Հռոմի պապը ողջունել է ողջ հայ ժողովրդին, այդ թվում՝ սփյուռքում, որոնք հոգեպես միանալու են Հռոմում հնչելիք աղոթքներին։ Պապը հատկապես նշել է ԱՄՆ, Լատինական ԱՄերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ, իհարկե, հայերի պատմական հայրենիքի հավատացյալներին։ «Տխրությամբ եմ մտածում հատկապես այդ շրջանների մասին՝ ինչպես Հալեպի մասին, ուր հարյուր տարիներ առաջ՝ վերապրողները ապահով ծովափ էին գտել։ Այս վերջին ժամանակներում այդ տարածաշրջաններն ապրեցին ոչ միայն հայերի, այլեւ բոլոր քրիստոնյաների գոյատեւման վտանգը»,- նշել է Ֆրանցիսկոսը։

Հայ ժողովուրդը, որ ավանդույթի համաձայն, առաջինն է քրիստոնեություն ընդունել 301 թվականին, երկհազարամյա պատմություն ունի եւ պահպանում է հոգեկանության եւ մշակույթի ժառանգությունը, օժտված հալածանքների ու փորձությունների ենթարկովելուց հետո վերականգնելու կարողությամբ, ասել է պապը՝ հայերին կոչ անելոց տեւապես մշակելու Տիրոջ հանդեպ գնահատանքի զգացումը, որ կարողացել են պահել նույնիսկ ամենադժվար ժամանակներում։

«Ինչպես Սուրբ Ավետարանն է ասում, մարդու սրտի խորքում կարող են շղթայազերծվել ամենայն մթին ուժերը, որոնք կարող են մինչեւ իսկ հղանալ եղբոր բնաջնջման ծրագրումը։ Հայ ազգի ոչ սակավ զավակներ կարողացան հռչակել Քրիստոսի անունը՝ մինչեւ իրենց արյան հեղումը եւ կամ մինչեւ մահ, որ կրեցին՝ ենթարկվելով անվերջ տեղահանության եւ աքսորի»,- ասել է պապը։

Նա ընդգծել է, թե հայ ժողովուրդի տառապանքների էջերը շարունակում են, որոշ առումով, Քրիստոսի չարչարանքները, բայց յուրաքանչյուր չարչարանքի մէջ դրված է Հարության ընձյուղը։ Նա եպիսկոպոսներին կոչ ա է արել դաստիարակել աշխարհիկ հավատացյալներին՝ տեսնելու իրականությունը նոր աչքերով, եւ ամեն օր կրկնելու. «Իմ ժողովուրդս ոչ թե միայն չարչարվել է Քրիստոսի հետ, այլ մանավանդ՝ հարություն է առել նրա հետ»։

Հռոմի պապն նաեւ նշել է, թե ուրախ է հանդիպման համար, հատկապես պատարագից առաջ, որի ընթացքում Գրիգոր Նարեկացուն շնորհելու է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» կոչումը։