Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Էդգար Մարտիրոսյանը եւ Սարգիս Գաբրիելյանն առաջիկա տասն օրերի ընթացքում հոսպիտալից դուրս չեն գրվելու, քանի որ փորձաքննության պետք է մասնակցեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Փորձաքննությունից հետո ամենայն հավանականությամբ Էդգարը կազատվի ծառայությունից, իսկ Սարգիսը, որի վերին աջ վերջույթն անդամահատված է, կպրոթեզավորվի եւ կշարունակի ծառայությունը»,- ասաց հոսպիտալի պետը:
Նշենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցող հրազենային վիրավորում ունի հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:
Ինչ վերաբերվում է Գոռ Դարմանյանին, ապա նա դեռ գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Ասատուրյանի խոսքով՝ հնարավոր է՝ առաջիկա շաբաթ նա տեղափոխվի հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:





























