«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Գաստիկի, Ծգլի եւ Տլեի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ դատարանը կլսի ապրիլի 15-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Գաստիկի, Ծգլի եւ Տլեի խափանման միջոցի հարցով նիստերը կկայանան մեկ օրում՝ հաջորդելով իրար: 

Նրանք պահանջում են վերացնել խափանման միջոցը կամ թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ սահմանելով ողջամիտ գումար: «Վերաքննիչ դատարանից կալանքի հարցի հետ կապված արդեն տարիներ շարունակ ակնկալիք չունենք:  Իմաստը ներպետական ատյանները սպառելն է, որ հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դիմել ՄԻԵԴ»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն: Դատարանը նրանց կալանավորել էր՝ մերժելով կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը: