Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն մոնիթորինգ չի իրականացնում եւ չի հետեւում Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը:

ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության մամուլի ծառայությունում NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ ԿԽՄԿ-ի մանդատի մեջ է մտնում գերիներին այցելությունը, գերիների փոխանակումը, համապատասխան իշխանությունների հետ առանձին երկխոսությունը:

Այսպիսով, ԿԽՄԿ-ի մանդատը չի տարածվում դատավարության մոնիթորինգի վրա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շինծու քրեական գործով «դատավարություն» է սկսել ԼՂՀ քաղաքացի հանդիսացող գերի Արսեն Բաղդասարյանի դեմ: Գործն այնքան ակնհայտորեն կեղծ է կառուցված, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել են դատավարությունը դռնփակ անցկացնել: