Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, սակայն նա շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարի փաստաբան Կարեն Սարդարյանը:

«Հակոբ Հակոբյանին երիկամի ստենտավորում է հարկավոր, որը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում անել չեն կարող: Այդ պատճառով էլ պաշտպանյալս հրաժարվում է այնտեղ տեղափոխվել»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերվում է գործի նախաքննությանը, Կարեն Սարդարյանը նշեց, որ դրա վերաբերյալ որեւէ բան այս պահին ասել չի կարող, քանի որ նախաքննություն է ընթանում:

«Որեւէ մեկնաբանություն չեմ անելու, մինչեւ նախաքննությունն ավարտվի, եւ գործի նյութերին կարողանամ ծանոթանալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:

Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին: