Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Սիսիանի քաղաքապետի եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված գործով դատավարությունը մասնակի ավարտվել է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ քաղաքապետը ներկայացրել է միջնորդություն իր մասով վարույթը կարճելու վերաբերյալ, քանի որ նրա կողմից կատարած արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով, ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 23-ին, ուստի քրեական գործի վարույթը վաղեմության ժամկետը անցնելու կապակցությամբ ենթակա է կարճման: Դատարանը բավարարել է այս միջնորդությունը եւ քաղաքապետի դեմ վարույթը կարճել: Նույն հիմքով կարճվել եւ քրեական հետապնդումը դադարեցվել է նաեւ Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի նկատմամբ: Քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի միջնորդությունը՝ նշանակել մասնագիտական փորձաքննություն, մերժվել է, քանի որ դատարանը համարել է, որ նման փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան, դրա անհրաժեշտությունը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել:
Գործով դատական վերջին նիստը կայացել է ապրիլի 13-ին, մյուս ամբաստանյալների մասով դատաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նստավայրը՝ Սիսիան, սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր-տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ դատավարությունը: Այսպես, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանին եւ նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով` 1260000 ՀՀ դրամ գումար:
5 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: http://news.am/arm/news/246245.html





























