Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հայ ժողովրդի պայքարը ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի պայքարն է:

Ըստ «Prensa Armenia»-ի, այս մասին հարցազրույցներից մեկում հայտարարել է ուրուգվայցի հայտնի գրող, ակտիվիստ, մարդու իրավունքների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման պաշտպան Էդուարդո Գալեանոն: Բացի այդ, գրողն իր «Հայելիները» գրքում անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին:

Պարբերականը նաեւ գրքից հատվածներ է ներկայացնում.

«Անպատժելիությունը մոլորության դուստրն է:

Մինչ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, օսմանյան կառավարությունն իրականացնում էր հայերի ծրագրված կոտորածը, որի արդյունքում ոչնչացվեց Թուրքիայի հայերի կեսը:

- թալանված եւ այրված տներ;

- մերկ մարդկանց ամբոխ՝ առանց ջրի եւ սննդի ճանապարհներին լքված;

- օրը ցերեկով քաղաքի հրապարակում բռնաբարված կանայք;

- գետերում լողացող կտտանքների ենթարկված մարմիններ:

Ովքեր չմահացան քաղցից, ծարավից կամ ցրտից, մահացան սրից կամ փամփուշտից: Կամ կախաղան հանվեցին: Կամ զոհվեցին ծխից… սիրիական անապատում: Թուրքիայից արտաքսված հայերին քշեցին քարանձավները, որտեղ նրանք խեղդվեցին ծխից: Դա նման էր նացիստական Գերմանիայի գազի խցիկներին:

20 տարի անց Հիտլերը խորհրդականների հետ ծրագրեց Լեհաստան ներխուժումը: Կշեռքի նժարին դնելով գործողության դրական եւ բացասական կողմերը՝ Հիտլերը նախազգուշացրեց բողոքի, միջազգային սկանդալի մասին, սակայն հավաստեց, որ բարձրացված աղմուկը երկար չի տեւի:

- Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին,- իր խոսքերը հաստատեց նա»: