Թուրքիան վիրավորվեց սեփական պատմությունից: Այս մասին գրել է շվեդական Avpixlat պարբերականը՝ մեկնաբանելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը: Պարբերականի հոդվածում նշվում է.
«Հռոմի Ֆրանցիսկոս I Պապը կրկին քննադատության ենթարկեց Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների սպանությունների առիթով միջազգային հանրության լռությունը: Նա հայտարարեց նաեւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին, ինչը լրջորեն բարկացրեց Թուրքիային, որը հետ կանչեց Վատիկանում իր ներկայացուցչին:
Ֆրանցիսկոս I-ն այդ մասին հայտարարեց Հռոմում պատարագի ժամանակ, որին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա այդ իրադարձություններն անվանեց XX դարի առաջին ցեղասպանություն:
Հռոմի պապերից «XX դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը հնչեցրել է Հովհաննես Պողոս II-ը՝ 2001 թվականին, հայկական եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ի հետ համատեղ հայտարարությամբ:
Անկարայի առաջին հայտարարություններից հետո Թուրքիայի ԵՄ հարցերի նախարար Վոլքան Բոզքիրն ավելի առաջ գնաց՝ հայտարարելով նացիստների հանդեպ Պապի «համակրանքի» մասին: Իսկ Թուրքիայի սուննի մահմեդականների մուֆթի Մեհմետ Գորմեզը հայտարարեց, որ Պապի հայտարարություններն անհիմն էին»:




























