ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության աշխատակից Մարի Հարֆն ուղղակիորեն չի պատասխանել Associated Press գործակալության թղթակից, ուկրաինական հակամարտության հարցում իր անզիջում դիրքորոշմամբ հայտնի Մեթյու Լիի պարզ եւ հստակ հարցերին:
Ապրիլի 14-ին կայացած հերթական ճեպազրույցում Մեթյու Լին խնդրել է կրկնել Պետքարտուղարության տեսակետը Հայոց ցեղասպանության եւ Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապի մատուցած պատարագի վերաբերյալ:
Ի պատասխան՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը կրկնել է ԱՄՆ-ի պաշտոնական ձեւակերպումը, իսկ Հռոմի Պապի հնչեցրած արտահայտությունների շուրջ մեկնաբանություններից խուսափել է: Նա չի պատասխանել նաեւ հարցին, արդյո՞ք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով որեւէ միջոցառում է նախանշված:
Հարֆը նկատել է, որ նախագահն ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդունել են այդ պատմական փաստը եւ ցավ հայտնել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին 1.5 մլն հայեր սպանվել եւ մահվան երթի են տարվել: Նրա խոսքով, նշվել է, որ այդ փաստերի ազնիվ եւ անկեղծ ճանաչումը բխում է ընդհանուրի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Ամերիկայի:
Ներկայացնում ենք Մեթյու Լիի եւ Մերի Հարֆի միջեւ երկխոսությունը.
Մ. Լի - Հարցս վերաբերում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին եւ 100 տարի առաջ օսմանցի թուրքերի կողմից հայերի կոտորածների մասին նրա ձեւակերպումներին՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Քանի որ մենք նման տարելից ենք հիշատակում, կարո՞ղ եք, խնդրեմ, կրկնել այդ իրադարձությունների մասին ԱՄՆ դիրքորոշումը:
Մ. Հարֆ - Այո՛: Նախագահն ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդունել այդ պատմական փաստը եւ ցավ հայտնել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին 1.5 մլն հայեր սպանվել եւ մահվան երթի են տարվել: Նշվել է, որ այդ փաստերի ազնիվ եւ անկեղծ ճանաչումը բխում է ընդհանուրի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Ամերիկայի:
Սկզբունքներից մեկը, որոնցով ղեկավարվում է Վարչակազմը այդ հարցի շուրջ եւ ընդհանրապես դաժանության կանխարգելման հարցում աշխատանքում, վստահությունն է, որ պետությունն ուժեղ է դառնում եւ առաջընթաց է ապրում՝ ընդունելով, իրեն հաշիվ տալով անցյալի ցավալի իրադարձությունների հարցում: Դա իսկապես կարեւոր է՝ այլ, ավելի հանդուրժող ապագա կառուցելու համար:
Մ. Լի - Նշանակում է՝ Թուրքիային կոչ եք անում հրապարակային խոստովանությո՞ւն անել: Դա՞ նկատի ունեք:
Մ. Հարֆ - Ասվածին ոչինչ չեմ կարող ավելացնել:
Մ. Լի - Թուրքիան հետ է կանչել Վատիկանի իր դեսպանին: Այսօր Էրդողանը հայտարարել է, որ այդ հայտարարությունների համար քննադատում է Հռոի Պապին: Մտահոգվա՞ծ եք տիրող լարվածության առիթով...
Մ. Հարֆ - Չեմ կարծում, որ կարող եմ որեւէ բան ավելացնել:
Մ. Լի - Լավ: Չէի՞ք հիշեցնի, թե Հայաստանի վերաբերյալ ինչ դիրքորոշում ուներ նախագահի թեկնածու Օբաման:
Մ. Հարֆ - Կարող եք ուսումնասիրել 2008 թվականի Բարաք Օբամայի ընտրարշավը: Չեմ կարող խոսել նրա անունից: Ես պատասխանատու եմ Պետքարտուղարության եւ Վարչակազմի համար:
Մ. Լի - Իսկ այլ մեկը պատասխանատո՞ւ է 2008 թվականի ընտրարշավի համար:
Մ. Հարֆ - Կարող եք կապվել որեւէ մեկի հետ եւ պարզել:
Մ. Լի - Քանի որ, որքան հիշում եմ, նա հակված էր օգտագործել այդ բառը:
Մ. Հարֆ - Կարող եք դա ճշտել ընտրարշավի համար պատասխանատու անձանցից:
Մ. Լի - Հետաքրքիր է, քանի՞ թեկնածուներ են ելույթ ունեցել այդ մասին՝ որպես իրենց նախընտրական ծրագրի մասի, իսկ հետո, հաղթելով, փոխել են միտքը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ում դաշնակից է, եւ ոչ ոք չի ցանկանում նեղացնել նրան: Արդյո՞ք դա չէ պատճառը:
Մ. Հարֆ - Ինչի՞ պատճառը:
Մ. Լի - Նրա, որ Նախագահը վերանայել է իր դիրքորոշումն այն մասին, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է:
Մ. Հարֆ - Նախագահի անձնական կարծիքը կարող եք ճշտել Սպիտակ տանը:
Հարց (այլ լրագրողի) - Հիշատակի արարողությունների առումով որեւէ ծրագրեր կա՞ն՝ հաշվի առնելով 100-րդ տարելիցը:
Մ. Հարֆ - Թույլ տվեք ճշտել: Չգիտեմ:




























