ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Asbarez»-ը:

«100 տարի առաջ օսմանյան իշխանությունները հաշվարկված հարձակում են սկսել հայ համայնքի վրա: Բազմաթիվ մարդկանց սառը, սիստեմատիկ ոչնչացումը եւ դրան հետեւող անտարբերությունը միջազգային հանրության կողմից, նախադեպ դարձան այլ առաջնորդների համար, որոնք ցեղասպանություններ են իրականացրել 20-րդ դարում:

Նման սարսափները վաղեմության ժամկետ չունեն: Այդ գազանությունները քավելու անհրաժեշտությունն այսօր նույնքան ուժեղ է, ինչպես եղել է 1915-ին: 1,5 մլն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, որոնց կյանքը խլել են, ճանաչում են պահանջում»,-նշված է Ռոյսի հայտարարությունում:

Կոնգրեսականը կոչ է արել Օբամային այդ ողբերգական իրադարձությունները ճանաչել որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Ես նաեւ կոչ եմ անում Թուրքիային հաշտվել իր պատմության այդ մութ էջի հետ՝ հանելու համար սեփական ժողովրդի մեջ առկա լարվածությունը, բարելավելու համար հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպես նաեւ նպաստելու համար տարածաշրջանի կայունությանը»,-հայտարարել է Ռոյսը: