Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով ավելի վաղ կալանավորված եւս երեք մեղադրյալ ազատ արձակվեց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ երեկ իրենց զանգել են Շիրակի մարզի դատախազությունից եւ հայտնել, որ մեղադրյալներ Համլետ Գեւորգյանի, Արտակ Ղազարյանի եւ Մերուժան Մովսիսյանի խափանման միջոցը կալանքը փոխվել է, նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել: Փաստաբանը նշեց, որ, երբեմն մեր նախաքննության մարմինը աղմուկին  տուրք տալով, առանց որեւէ բավարար հիմքեր, ապացույցներ ունենալու, անձանց է ձերբակալում: «Ու եթե առաջին ատյանի դատարանը ուշադրությունը չդարձրեց, որ չկան փաստեր, որ հիմնավորեն նրանց առնչությունը դեպքի հետ, միայն այն, որ  ներկա են եղել դեպքին, բավարար չէ կալանավորելու համար, ապա Վերաքննիչը այդ բոլորը հաշվի առեց: Սա մեծ առաջընթաց է, քանի որ նախկինում քննություն իրականացնող մարմինները անձին կալանավորելիս ոչ մի կերպ չէին ընդունի, որ սխալվել են, փորձում էին ամեն կերպ ապացուցել, որ ճիշտ են: Առաջին անգամ դատախազությունը ընդունում է, որ եթե մարդը առնչություն չունի, ապա նա չպետք է մնա կալանքի տակ: Սա բոլոր փաստաբանների համառ պայքարի արդյունքն է»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ եւ նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց, իսկ մեղադրյալներից Դավիթ Հակոբյանին Վերաքննիչը ազատ էր արձակել 500 հազար դրամ գրավի դիմաց:Այժմ մեղադրյալներից կալանքի տակ է Աշոտ Ղուկասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, մեղադրյալների թիվը  6 է, կան նաեւ հետախուզվողներ: