NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ապրիլի 15-ին կալանավորվել է 2011 թվականին Ֆրանսիայի 78-ամյա քաղաքացուհու սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվող 48-ամյա Գեւորգ Խ,-ն: Վերջինս նույն թվականի դեկտեմբերին Հայաստանում, Փարաքար գյուղում սպանել էր մի կնոջ, ում հետ տեղափոխվել էր Ֆրանսիայից: Ընկերուհին Ֆրանսիայի քաղաքացի Մոնիկ Հարլեյն էր: Հայաստան տեղափոխվելուց որոշ ժամանակ անց կնոջը գտել էին սպանված:

Քննության ընթացքում պարզվել է, որ սպանելուց հետո Գեւորգ Խ.-ն հափշտակել էր նրա բանկային քարտերը եւ 2012-ի հունվարին տեղափոխվել Մարոկկոյի Մարաքեշ քաղաք եւ ապրել Մոնիկ Հարլեյի առանձնատանը` տիրանալով նրա ողջ կարողությանը:

Ահա ապրիլի 15-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ համատեղ օպերատիվ խմբի կողմից Մարոկկոյի թագավորությունից Կասսա բլանկա-Մոսկվա-Երեւան չվերթի ինքաթիռով ՀՀ է տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչ Գեւորգ Խ.-ն: Վերջինս 2012 թվականի դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Այս առնչությամբ ոստիկանությոան տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն, սպանել էր Հարլեյին, հափշտակել նրա բանկային քարտերը ու 2012 թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկո: Բնակություն հաստատելով Մոնիկ Հարլեյի՝ Մարակեշ քաղաքում գտնվող առանձնատանը՝ Խաչատրյանը փորձել էր նրա ֆինանսական ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն մարտի 23-ին ձերբակալվել էր Մարոկոյի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով խարդախության մեջ:

2012 թ. հոկտեմբերի 9-ին փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունք՝ նախաքննության:

Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական և միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել էին անհետաձգելի և անհրաժեշտ ստուգումներ ու միջոցառումներ, որոնց արդյունքներով պարզվել էր, որ նա Մարոկոյում կալանքի տակ է:

Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գևորգ Խաչատրյանը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին»: