Պաշտոնական Վաշինգթոնի գործողություններից դատելով Անկարայի հետ քաղաքական հարաբերությունները գերադասվում են նրան, որպեսզի արտասանվի «ցեղասպանություն» բառը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպասվող ելույթին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի քաղաքական շահերը շարունակում են գոյություն ունենալ այն տեսքով, որով գոյություն են ունեցել: «Սակայն ոչինչ չի կարող հիմնավորել այն, որ ԱՄՆ ղեկավարությունը չի արտասանում «ցեղասպանություն. Բառը: Ես վստահ եմ, որ հայկական լոբբիստական կազմակերպություններին կհաջողվի գտնել այն մոդելը, որի օգնությամբ ԱՄՆ-ը կմիանա այն երկրների, որոնք դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, շարունակում են իրենց ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ»,-ընդգծել է Արտակ Զաքարյանը: