Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը  հատկանշական է նրանով, որ դարձել է բոլոր քաղաքական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքը, իսկ փաստաթուղթը ընդունվել է կոնսենսուսով։ Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին քաղաքական կապերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորների համար Ցեղասպանության փաստն անհերքելի էր։ Դա ոչ ոքի համար նորություն չէր, եւ ոչ ոք հայ քարոզչամեքենայի «ակտիվ» կամ  «պասիվ» ճնշման տակ չէր գտնվում։  «Նրանցից շատերին ես անձամբ եմ ճանաչում եւ վստահ եմ. այն, որ բոլոր պատգամավորները վերջում եկել էին քվեարկությանը մասնակցելով, խոսում է այն մասին, որ Եվրոպան շատ զգայուն է նշված խնդիրների հանդեպ։ Դրանում իհարկե ծանրակշիռ դեր խաղաց Հռոմի Պապի խոսքը։ Դրական ազդեցություն ունեցավ նաեւ Անկարայի ոչ ադեկվատ արձագանքը»,- նշել է Զաքարյանը։

Անդրադառնալով բուն փաստաթղթին՝ Արտակ Զաքարյանը նշեց. «Մասնավորապես բանաձեւում կա նաեւ քաղաքական ու պատմական մաս։ Դրանում խոսվում է հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման մասին։ Այդ մասով Թուրքիային կոչ է արվում առերեսվել պատմությանն եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կառուցողական քայլեր ձեռնարկել, բացել սահմանները ու դիվանագիտական կապեր հաստատել»։