Հուլիսի 27-ի երեկոյան ժամը 20-ի սահմաններում Երեւան-Ապարան ավտոմայրուղու 13-րդ կիլոմետրի հատվածում Արտաշավան գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1092 Լ համարանիշի միկրոավտոբուսը եւ «ՎԱԶ-21064» մակնիշի 03 UO 801 համարանիշի ավտոմեքենան (ֆոտոռեպորտաժ):
Հարվածի արդյունքում երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի բանուկ մասից եւ բախվել ձորի քարերին: Վթարի արդյունքում 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր, մասնավորապես՝ Աշտարակի, Երեւանի, Թալինի հիվանդանոցներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Արագածոտնի մարզային վարչության քննչական բաժնի քննիչը:
Մեր տեղեկություններով, մարդատար միկրոավտոբուսում եղել են Կոտայքի մարզի բնակիչներ` պարի խմբի անդամներ, որոնք վերադառնում էին Վանաձորից, որտեղ մասնակցել են միջոցառման:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդն է Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 48-ամյա Մկրտիչ Ջոնիկի Կիրակոսյանը, իսկ «ՎԱԶ-21064»-ի վարորդն է Երեւանի Ֆուչիկի փողոցի բնակիչ Արամ Բաբկենի Գաբրիելյանը:
Փաստի առթիվ քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























