Ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար:
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին անձամբ մասնակցելու համար: Տիկին Մատվիենկոն փաստել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ:
Տիկին Մատվիենկոն իր խոր ցավակցությունն է հայտնել Գյումրիում իրականացված սպանդի առնչությամբ եւ նշել, որ հանցագործներն ազգություն չունեն, իսկ ռուս զինվորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր եւ ձեռք բերել պայմանավորվածություններ:





























