Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստին Երեւանի Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 17-ին, պատգամավորի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող  դատախազ  Գագիկ Մարգարյանին:

Ըստ հայցվոր կողմի՝ դատախազը նախաքննական փուլում թերի է կատարել կամ գրեթե չի կատարել գործը բացահայտելուն ուղղված քայլեր:

«Հանցագործության կատարման հենց առաջին օրվանից մենք հայտարարել ենք, որ սա քաղաքական հաշվեհարդար է, կազմակերպված հանցագործություն, սակայն մեղադրողը հնարավոր կասկածյալներին հայտնաբերելու փոխարեն նշել է կոնկրետ անձի անուն: Իսկ այդ հնարավոր կասկածյալներին հայտնաբերլու ուղղությամբ դատախազը ոչ  մի քայլ չի ձեռնակել եւ գործը տարել է ոչ ճիշտ ուղղությամբ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը միացավ իր ներկայացուցչի միջնորդությանը:

Մեղադրյալ Արշակ Սվազյանի պաշտպանը տուժողի ներկայացուցչի միջնորդությունն անհիմն որակեց՝ նշելով, որ այն ենթակա է մերժման:

Մեղադրողը նույնպես անհիմն անվանեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ դեռ վաղ է եզրակացություններ անելու եւ իրեն մեղադրելու համար, գործը դեռ դատաքննության փուլում է, բազմաթիվ փաստարկներ կան, որ դեռ պետք է քննվեն:

Նշենք, որ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: