Միջազգային  հանրությունը վրդովված է Ռասուլ Ջաֆարովի հարցում Ադրբեջանի իշխանությունների պահվածքից։

«Մենք խիստ անհանգստացած ենք ապրիլի 16-ին կայացրած մեղադրական վճռից, որով ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին դատապարտել են 6.5 տարվա ազատազրկման։ Նրան ներկայացրած մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆի հայտարարության մեջ, որով նա կոչ է անում Ադրբեջանին պահպանել միջազգային նորմերով ստանձնած իր պարտավորությունները եւ հարգել սեփական քաղաքացիների իրավունքները։

ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանտոսը դատապարտել է Ջաֆարովի դատավճիռը։ «Անցյալ տարին նշանավորվեց հատկապես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակնառու ներկայացուցիչների վրա հարձակումներով։ Կայացրած դատավճիռը պարոն Ջաֆարովի երկարատեւ հալածանքների հետեւանքն է։ Հիմա ճիշտ ժամանակն է նրա խղճի բանտարկյալ համարել, եւ նա, ցավոք, Ադրբեջանում միակը չէ»,- ասել է Սանտոսը։

Ռասուլ Ջաֆարովի դատավճիռը Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության եւ անկախ ձայների շարունակական հետապնդումների վառ ապացույցն է, ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Ռասուլ Ջաֆարովը «Արվեստ հանուն ժողովրդավարության» շարժման համակարգողն էր եւ Մարդու իրավունքների ակումբի ղեկավարը, որը մի շարք բողոքի արշավներ էր կազմակերպել քաղաքական դրդապատճառներով իրականացվող բանտարկությունների դեմ։ Ադրբեջանի իշխանությունները նրան մի շարք մեղադրանքներ էին ներկայացրել եւ կալանավորել։