Եվրամիությունը բավական մեղմ է արտահայտվել Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում «Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Չգիտես ինչու ԵՄ-ն հայտարարում է Հայաստանում ժողովրդավարության ոլորտում «փոքր» եւ «սահմանափակ» առաջընթացի մասին: Չի եղել առաջընթաց ոչ «փոքր», ոչ էլ՝ «սահմանափակ»: Եղել է հետընթաց, եղել է բռնությունների շղթա: Քրեական շրջանակների կողմից ճնշումների եւ քաղաքական հետապնդումների են ենթարկվել նրանք, որոնք իշխող ռեժիմի կողմից ընկալվել են որպես իրեն ուղղված սպառնալիք: Այստեղ եղել է եւ հարված ԲՀԿ-ին, եւ հարձակում մեր կուսակցության փոխնախագահի (Արամ Մանուկյան-խմբ) վրա , եւ ԲՀԿ խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելը»,-ընդգծել է Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող էր ուղիղ հայտարարել, որ մարդու իրավունքների ոլորտում երկրում իրավիճակը վատթարացել է:
Լեւոն Զուրաբյանին արձագանքել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ առաջարկելով նրան Հայաստանում ժողովրդավարության ապահովում պահանջել Ռուսաստանից, քանի որ ՀԱԿ-ը կողմ է արտահայտվել ԵՏՄ անդամակցությանը:





























