Լոռու մարզում ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը):

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Այնուհետեւ 3 վիրավոր զինծառայող տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):