Գյումրիում անցած տարվա հուլիսին պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա հայտնեց, որ ապրիլի 18-ին քննիչը կողմերին հրավիրել է՝ ծանոթանալու քրեական նյութերին:

«Եթե կողմերը միջնորդություններ չունենան, ապա գործը կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ ստացված եզրակացության հիման վրա մարտի վերջին ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով եւ 235-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ մինչ այդ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։