NEWS.am-ի հարցազրույցը քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Պարոն Բադալյան, առաջիկա աշնանն, ըստ Ձեզ, որո՞նք են լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի առաջնահերթությունները:

Գալիք աշնանը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ըստ իս, լուրջ սրացումներ չեն արձանագրվի: Գուցե քաղբանտարկյալների առկայությունը կամ մարդու իրավունքների վիճակը ինչ-որ սրացում հաղորդի ընթացող պրոցեսներին, սակայն ինչ-որ կոնկրետ մի խնդիր, որը կխթանի ընտրազանգվածին՝ դուրս գալ փողոցներ եւ պայքար մղել, այսօր չի նշմարվում: Գուցե այս ընթացքում լինեն մի քանի հանրահավաքներ, սակայն մեկ-երկու հանրահավաքով պրոցեսները չեն սրանա: 

Իսկ Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցություններից մեկում՝ ՀՀՇ-ում տեղի ունեցող գործընթացները կարո՞ղ են քաղաքական վերադասավորումների պատճառ դառնալ:

Ոչ, չեն կարող, քանի որ ընդամենը մի երկու կուսակցական գործչի հայտնած անհամաձայնությունը չի կարելի դիտարկել որպես կուսակցության պառակտում: Այնպես որ Կարապետ Ռուբինյանի ՀՀՇ-ից դուրս գալու որոշումը ամենեւին էլ չի նշանակում, որ ՀՀՇ-ում որեւէ պառակտչական գործընթաց է տեղի ունենում: Կարծում եմ, որ ՀՀՇ-ն կատարեց իր հիմնական գործառույթը, այն է՝ մնաց Կոնգրեսի կազմում: Սա է կարեւորը:

Խոսվում է առաջիկա աշնանը ի հայտ եկող նոր քաղաքական ուժի, այսպես կոչված «երրորդ ուժի»  մասին. Ուժ, որը կլինի իշխանության եւ ընդդիմության այլընտրանքը: Դուք նման ուժի ի հայտ գալու  նախադրյալներ տեսնո՞ւմ եք: 

Ես «երրորդ ուժի» մասին խոսակցություններին անլուրջ եմ վերաբերվում: Այդ գաղափարը միֆ է, «երրորդ ուժ» գոյություն ունենալ չի կարող: Չի կարող լինել մի ուժ, որը կլինի իշխանության եւ ընդդիմության այլընտրանքը, որովհետեւ եթե դու իշխանություն չես, դու արդեն ընդդիմություն ես: Իսկ ընդդիմություն կարող են լինել բազմաթիվ ուժեր: Քաղաքագիտության մեջ երրորդ, հինգերորդ, տասնվեցերորդ, հարյուրքսաներորդ  ուժ  հասկացություն գոյություն չունի եւ այն արհեստականորեն շրջանառության մեջ է դրվում մեդիամիջավայրում: Գուցե գալիք աշնանն ինչ-որ նոր ուժ ի հայտ գա, բայց չի նշանակում, որ դա «երրորդ ուժ» է լինելու: Ի դեպ, ըստ Հայաստանի արդարադատության նախարարության՝ այդ ուժը լինելու է 76-րդ կամ 77-րդ ուժը՝ գործող ուժերի շարքում:

Իսկ ի՞նչ կոնֆիգուրացիայով կարող է ձեւավորվել ի հայտ եկող նոր ուժը: 

Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ի՞նչ գաղափարախոսության հիման վրա է ձեւավորվելու այդ ուժը՝ իրակա՞ն, թե՞ դասագրքային՝ պահպանողական, ազատական, սոցիալիստական ...: Եթե դու որեւէ ուժ ստեղծելիս չես հիմնվում հասարակության մեջ առկա պահանջմունքների վրա, ապա անիմաստ է այդ ուժի ստեղծումը, այն արհեստական ու չաշխատող է լինելու:

Իսկ այսօր ինչիպիսի՞ գաղափարախոսության վրա հենված կամ ինչպիսի՞ ուղղվածության ուժերի կարիք է զգացվում Հայաստանում:

Այսօր առկա է ընդգծված ռուսամետ եւ ընդգծված ամերիկամետ քաղաքական կառույցների կարիք: Բայց թե որքանո՞վ հնարավոր կլինի նման կառույցների ստեղծումը՝ դժվար է ասել, քանի որ քաղաքական ուժ ձեւավորելը բավական բարդ ու մասնագիտական գործ է: Իսկ ես ինչպես տեսնում եմ, Հայաստանում շատ քաղաքական գործիչներ կարծում են, թե իրենք կարող են կառույցներ ստեղծել: Բայց այդպես չէ՝ քաղաքական գործիչը քաղաքական կառույց չի կարողանում ստեղծել:   Ուզում ես՝100 հատ ստեղծիր, բայց եթե դրանք չեն սպասարկում հասարակության մեջ առկա գաղափարախոսությունները, դրանք օգուտ չեն տալու:

Իսկ  Հայ ազգային կոնգրեսի կենսունակությանը ինչ գնահատական կտաք: Այդ կենսունակությունը որքա՞ն ժամանակ կձգվի, թե՞, ինչպես ոմանք են ասում, «այն ուր որ է կփլվի»:

Չի փլվի: ՀԱԿ-ը բավական մեծ  ընտրազանգված ունի եւ կենսունակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ձգտում է երկրում արեւմտյան արժեքային համակարգ ներմուծել եւ կիրառել, քանի դեռ պայքարում է Սերժ Սարգսյանի եւ նրա համակարգի դեմ եւ քանի դեռ կենդանի է Լեւոն Տեր-Պետրոյսանը: Քանի դեռ այս երեք պարագաներն առկա են, ՀԱԿ-ը կմնա:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե ՀՀՇ 6-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հուշում է, որ նա ցանկանում է գնալ թոշակի: Դուք եւ՞ս այդ տպավորությունն եք ստացել այդ ելույթից: 

Եթե Տեր-Պետրոսյանը թոշակի գնալու ցանկություն ունենա, ում ում, բայց հաստատ Սամվել Նիկոյանի օգնությանը չի դիմի: Նման մեսիջ ես չեմ տեսնում այդ ելույթում:

Իսկ ի՞նչ մեսիջներ ուղարկեց Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթով:

Նա իր ընտրազանգվածին ցույց տվեց, որ իրատեսորեն է նայում քաղաքական իրավիճակին: Իսկ կարեւորը ՀԱԿ-ի ընտրազանգվածի համար դա է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի համար կարեւոր չէ, թե առաջնորդն ինչ է ասում, կարեւորն այն է, որ նրա ասածները լսելի են իր համար, քանի որ նրա ասածները մշտապես հիմնված են իրատեսական վերլուծությունների վրա: 

Զրուցեց Հեղինե Մանուկյանը